Նոյեմբերի 3-4-ին Երևանում հրավիրված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» սեմինարի ժամանակ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թոմաս Մարկերտը նշեց, որ գործող նախագահը սահմանադրությամբ կարող է տիրանալ իշխանությանն ամբողջովին, և պետք է լինեն այնպիսի սահմանափակումներ, սահմանադրական այնպիսի կարգ, որը կարողանա սահմանափակումներ մտցնել: Նա ժողովրդավարության կարևոր նախապայման է դիտարկում իշխանության թևերի տարանջատումը: Թոմաս Մարկերտն անդրադարձավ ինչպես Արևելյան Եվրոպայի, այնպես էլ հետխորհրդային երկրների՝ ՈՒկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի իրադարձություններին, երբ ստեղծվել են կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք պահանջել են սահմանադրական ճգնաժամի հաղթահարում: Անդրադառնալով ավտորիտար երկրների փորձին՝ նա նշեց, որ այդ երկրներում դժվար է անցկացնել հանրաքվե:
«Ժողովրդավարությունն աշխատում է այն երկրներում, որտեղ կա կամք և մեծամասնության աջակցությունը»,- ասաց Թոմաս Մարկերտը: